Քաղաքապետի կաբինետի դուռը բաց է բոլորի համար. Հասմիկ Խաչունց
«Կամազներ՝ քաղաքապետարանին․ նվեր տված ձիու ատամները չե՞ն հաշվում» թեմայով քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ երեք խոշոր ընկերություններ քաղաքապետարանի հետ ունեցել են գործարքներ: Նրա խոսքով ՝ եղել են կոռուպցիոն ռիսկեր, քանի որ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանը ստացել է գույք և նրանց տվել շինթույլտվություններ:
«Ամենավառ օրինակը «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության գործարքն է , որը տվել է երեք կամազ մակնիշի մեքենա: Այն ժամանակահատվածում, երբ Շողերինա Մկրտչյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է, սեպտեմբերի 26-ին դիմում է մուտք արել քաղաքապետարան և շատ կարճ ժամանակահատվածում՝ նոյեմբերի 4-ին, քաղաքապետի կողմից ստանում է 5800 քմ ինքնակամ շինության թույլտվություն: Այն արտոնյալ էր մյուս բոլոր թույլտվությունների համեմատ»,- ասաց Խաժակյանը:
Բանն այն է, որ շինթույլտվություն ստանալու համար պետք է անցնի որոշակի փուլեր, օրինակ՝ հաստատվի ճարտարապետական տեսքը և այլն: Խոսելով գործարքի թափանցիկության խնդրից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը. «Այդ ինչքա՞ն են համոզված եղել քաղաքապետարանն ու կառուցապատողը, որ իրենց ներկայացրած և ուզած տեսքով պետք է հաստատվեր: Բնականաբար, սա կոռուպցիայի դրսևորման մի տեսակ է և պետք է իրավապահների կողմից ուսումնասիրվի» :
Շարունակելով խոսքը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդեց, որ այն թափանցիկ գործընթաց չի եղել, միաժամանակ հիշեցնելով նախկինների հասցեին հնչող մեղադրանքները:
«Երբ քաղաքային իշխանությունը մեղադրում էր նախորդներին թափանցիկության բացակայության մեջ, հիմա նույն քաղաքականությունը իրենք են վարում ՝ գույքի թույլտվության տեսանկյունից»,- ասաց Մանրիկյանը:
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն էլ փորձելով պարզաբանում տալ իրավիճակին, հետևյալն ասաց.
«Իմ գիտակից կյանքում ոչ մի պետական մարմին այսքան թափանցիկ չի եղել: Հասարակությունը տեսնում է հաշվետվողականության աճ: Նվիրատվությունների մեխանիզմների մասով բավականին թույլ է կարգը, և անհրաժեշտություն կա քննարկման ՝ ավելի թափանցիկ դարձնելու համար»:
Հարցին, թե արդյոք տեղյակ էր գործարքի մասին մինչև աղմուկը, Խաչունցը պատասխանեց.
«Քաղաքապետի կաբինետի դուռը բաց է բոլորի համար: Դրանք պայմանագրային պարտավորություններ և աշխատանքային գործընթացներ են և ոչ մեկ պարտավոր չի իմանալ: Եթե հետաքրքրվենք կիմանայինք, եթե չէ, չէինք իմանա»:
Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանն էլ չհերքեց, որ կա խնդիր. «Խնդիրը կայանում է քաղաքապետարանի հաղորդակցության և տեղեկատվության տրամադրման, գիտելիքների ու ունակությունների պակասի մեջ, մեխանիզմների բացակայության մեջ»: