Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր
Մինչ Երևանի քաղաքապետարանը գունավոր տոպրակներ է բաժանում աղբի տեսակավորման համար, հանրապետության մյուս քաղաքներն արդեն գործի են անցել ՝ կենցաղային աղբը վերամշակում են՝ ստանում գազ և էլեկտրաէներգիա։
Չարենցավանն այսօր կունենա կենցաղային աղբը վերամշակող ռեակտոր: Մինչև տարեվերջ աղբ վերամշակող ռեակտորներ կլինեն նաև Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ համայնքներում: Երևանից միայն Էրեբունի բժշկական կենտրոնն է հետաքրքրվել աղբի վերամշակմամբ:
Աղբի վերամշակման ռեակտորի շուրջ հետաքրքրությունը ծագեց այն բանից հետո, երբ ֆուտբոլիստ Դավիթ Դավթյանը Աբովյան քաղաքում օրեր առաջ ներկայացրեց գյուտը ՝ բացելով առաջին աղբը վերամշակող ռեակտորը: Այն ինքնաշեն է ՝ մի քանի թիթեղյա կտոր, ցեմենտ և արտերկրից ներկրված ֆիլտրող սարք, ահա և պատրաստ է կենցաղային աղբը վերամշակող ռեակտորը: Առաջին հայայացքից պարզ թվացող այս գաղափարի հեղինակը տևական ժամանակ բնակվել է ՌԴ-ում, այնտեղ էլ անվադողերից է բնական հումք ստացել: Հետո որոշել է գալ հայրենիք և Հայաստանը մաքրել աղբից:
«Ռուսաստանում ապրելու տարիներին հեռուստատեսությամբ հաճախ էի լսել Հայաստանում աղբի խնդրի մասին։ Ութ ամիս առաջ հայրենիք վերադարձա և անցա գործի : Առաջարկեցի Երևանի քաղաքապետարանին, բայց արձագանք չեղավ: Իսկ Աբովյանի համայնքապետը միանգամից համաձայնեց և մեկ ամսում կառուցեցինք ռեակտորը։ Հիմնական աղբը ամբողջությամբ ուտիլիզացվում է, արդյունքում ստացվում է հեղուկ գազ։ Հետագայում գազից հոսանք կստացվի և կվաճառվի պետությանը, որպեսզի համայնքի անբարենպաստ ընտանիքների կարիքները հոգան։ Իսկ մոխիրն օգտագործվում է շինարարության մեջ, բարձր որակով է, չի ճաքում»,- Panorama.am -ի հետ զրույցում ասաց նա։
Երևանի Տիկնիկային թատրոնի մոտ կուտակված աղբով, ասում է՝ հնարավոր է թատրոնի ջեռուցումը կազմակերպել. «Կարող ենք 9 հարականի շենքի տակ կառուցել, ու շենքի բնակիչները վերելակի հոսանքի գումարը չվճարեն։ Մենք նույնիսկ պրոեկտ ունենք, թե ոնց կարող ենք Խաղաղ օվկիանոսի պլաստիկը մեկ տարվա ընթացքում մեր ռեակտորներով վերացնել: Այսինքն՝ իմ պրոեկտը գլոբալ է»։
Գյուտն արտոնագրված է և պատկանում է ֆուտբոլիստ Դավիթ Դավթյանին։ Նախագիծն անցել է նաև բնապահպանական փորձաքննություն և անվտանգ է շրջակա միջավայրի համար ՝ փակ ցիկլ է և արտանետումներ չկան։
Դավթյանի գյուտն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզերում, մինչև դեկտեմբերի վերջ մի շարք խոշոր քաղաքներ կունենան աղբը վերամշակող ռեակտոր:
2020-ի ընթացքում հետաքրքրվողների թիվը կմեծանա , կարծում է գյուտարարը, հատկապես մասնավոր ընկերությունները կարող են տեղադրեն լոկալ կայաններ և իրենց աղբը վերամշակելով չվճարել աղբավճար։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ