Անգելա Մերկելն առաջին անգամ որպես կանցլեր այցելել է Օսվենցիմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնավարման 14 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Օսվենցիմ: Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեչիի հետ միասին նրանք ծաղկեպսակներ են դրել «Սև պատին», որտեղ մահապատժի ենթարկվեցին հազարավոր բանտարկյալներ, և մոմ վառեցին գազային խցերի ավերակների վրա կառուցված հուշարձանի մոտ, որտեղ սպանվեցին հարյուր հազարավոր մարդիկ: Անգելա Մերկելը մի քանի ժամ անցկացրել է հուշահամալիրում, որը ստեղծվել է նախկին «մահվան ճամբարի» տեղում։ Այս մասին գրում է euronews-ը։
«Օսվենցիմը գերմանական ոչնչացման ճամբար էր, այն վերահսկում էին գերմանացիները: Ինձ համար կարևոր է շեշտը դնել այս փաստի վրա, կարևոր է հստակ նշել մեղավորներին: Դա մեր՝ գերմանացիների, պարտքն է զոհերի առաջ, ինչպես նաև մեզ համար: Կրկին մենք տեսնում ենք ռասիզմի անհանգստացնող դրսևորումներ, անհանդուրժողականությունն աճում է, ատելության հանցագործությունների ալիք է բարձրանում: Մենք ականատես ենք լինում լիբերալ ժողովրդավարության ֆունդամենտալ արժեքների վրա հարձակման և վտանգավոր պատմական ռևիզիոնիզմի՝ մարդատյաց խմբերի շահերից ելնելով»,-ասել է Մերկելը՝ Օսվենցիմում ունեցած ելույթում:
Մերկելի այցը կապված էր Օսվենցիմ- Բիրկենաու հիմնադրամի 10-ամյակի հետ։
Նշենք, որ Օսվենցիմը նացիստական Գերմանիայի համակենտրոնացման և մահվան ճամբարների համալիր էր, որն իր գործունեությունը ծավալել է 1940-1945 թվականներին ընկած ժամանակահատվածում օկուպացված Լեհաստանի Օսվենցիմ քաղաքում:
Խորհրդային բանակի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարն ազատագրվել է: Հենց այդ օրն էլ՝ հունվարի 27-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օր:
Շուրջ 1.4 միլիոն մարդ, որոնցից 1.1 միլիոնը ազգությամբ հրեաներ, սպանվեցին Օսվենցիմում 1941-1945 թվականների ընթացքում։
Ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որն այսօր կոչվում է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարան. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձան է: