Լեդի Դիանայի հայտնի զգեստը վաճառվում է
Լեդի Դիանայի մի քանի զգեստ հանվել է վաճառքի: Աճուրդի գնորդների շրջանում հատուկ ուշադրության է արժանանում բրիտանացի դիզայներ Վիկտոր Էդելշտեյնից մուգ կապույտ անթև թավշյա զգեստը: Զգեստը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ արքայադուստրը դրանով պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ 1958 թվականին Սպիտակ տանը գալա-ընթրիքի ժամանակ:
«Բոլորդ հիշում եք, թե ինչպես երիտասարդ, գեղեցիկ արքայադուստրը պարում էր Ջոն Տրավոլտայի հետ: Դերասանը հրավիրվել էր ընթրիքի հենց Դիանայի խնդրանքով: Նա մի քիչ սիրահարված էր դերասանին, մեծ երկրպագուն էր: Այնպես որ, Դիանայի երազանքը՝ պարել դերասանի հետ, այդ գիշեր իրականացել էր»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է աճուրդի հիմնադիրը:
Նշվում է, որ մուգ կապույտը նրա սիրած գույնն էր: Քանի որ նա թագավորական ընտանիքի անդամ էր, նրան թույլ չէին տալիս կրել սև հագուստ: Մուգ կապույտը ամենամոտ գույնն էր սևին, որը թույլ էին տալիս կրել՝ չխախտելով թագավորական արարողակարգը:
Հայտնի զգեստն արդեն աճուրդում ներկայացվել է 2013 թվականին: 284 հազար եվրոյով այն գնել է անանուն մասնակիցը՝ ասելով, որ ցանկանում է զարմացնել իր կնոջը: Սպասվում է, որ այդ անգամ այն կվաճառվի ավելի քան 400 հազար եվրոյով: