Սաթիկ Սեյրանյան. Նոր օրինագծով մոռացության են մատնված ռադիոընկերությունները
Ճիշտ չէ, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը մտնի Ազգային Ժողով։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից կազմակերպած օրինագծի սկզբունքների մասին քննարկմանը նման համոզմունք հայտնեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա անօգուտ է համարում քննարկել մի բան, որը մշակվել է առանց լրատվամիջոցների, հեռարձակողների, հեռուստատեսությունների, Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու այլ շահագրգիռ կազմակերպությունների մասնագետների հետ քննարկումների, դրան չեն նախորդել ուսումնասիրություններ՝ առկա խնդիրները հասկանալու համար։
«Այս օրինագծի լավ կողմը եղավ այն, որ ձևավորվեց Վերգետնա հեռարձակողների ասոցիացիա։ Որքան էլ պնդենք, որ խնդիրներ այս ոլորտում կան, ստիպված եմ կրկնել, որ մամուլի ոլորտում որևէ առաջարկ չի կարող դրվել քննարկման սեղանին, առանց մամուլի ներկայացուցիչների առաջարկներն ու տեսակետները լսելու»,-նկատեց Սեյրանյանը։
Քննարկման մասնակիցը համամիտ է հնչած այն մտահոգություններին, որ օրինագիծն ընդունվելու դեպքում կարող է վտանգի տակ դնել հայաստանյան հեռուստաեսության ու ռադիոյի ոլորտը՝ սպառնալով նաև խոսքի ազատությանը։
Բանախոսը մի քանի վտանգավոր դրույթներ է առանձնացրել, օրինակ, հանրային հեռուստաընկերությունը դառնալու է հսկա կառույց, որը շատ թանկ է նստելու հարկատուների վրա։ Հոդվածներից մեկում ասվում է, որ պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ու միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ՀՀ ողջ տարածքում Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ընդունման համար։
«Մեր կարծիքով, սա բնորոշ է ավտորիտար պետություններին ու սխալ մոտեցում է։ Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի սոցիալական փաթեթում ներռվեն նաև այլ հեռուստառադիո ծրագրեր, որոնք ապահովում են դաշտի բազմազանությունը։ Այս օրինագծում չի երաշխավորվում արդեն կայացած հեռուստաընկերությունների հետագա սփռումը»,-հիմնավորեց նա։
Օրինագիծն ուսումնասիրելիս, միության նախագահը նկատել է, որ մոռացության են մատնված ռադիոընկերությունները, քանի որ նախատեսված չեն դրանց հաճախականություններ տրամադրելու մրցույթները։
«Այսինքն, ռադիոընկերությունները մնացել է իրավական կարգավորումներից դուրս։ Այսինք, այս օրինագծով հնարավոր չի լինի որևէ ռադիոընկերություն բացել այն դեպքում, երբ հատկապես սահմանամերձ մարզերում դրանք շատ կարևոր են իրազեկման համար»,-ասաց նա՝ ավելացնելով, օրինագծով նախատեսված ազատականացումը լուրջ խնդիր է դառնալու տեղեկատվական անվտանգության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում