Ասադ. Եթե ստիպված լինեմ հանդիպել Էրդողանի հետ, ապա դրանով չեմ հպարտանա
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տվել Իտալիայի պետական «Rai» հեռուստաընկերությանը:
Ի շարս բազմաթիվ հարցերի՝ հաղորդավարը Սիրիայի նախագահից հետաքրքրվել է, թե արդյոք երկարաժամկետ կտրվածքով նա կարող է հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ասադը պատասխանել է, որ եթե մի օր ինքը ստիպված լինի հանդիպել Էրդողանի հետ, ապա դա իր համար բնավ հպարտանալու առիթ չի լինի:
«Եթե ստիպված լինեմ դա անել, ապա դրանով չեմ հպարտանա: Բայց ես միշտ ասել եմ հետևյալը՝ իմ պարտականությունը իմ արածներից երջանիկ լինել կամ չլինելը չէ: Կարևորը ոչ թե իմ զգացմունքներն են, այլ՝ Սիրիայի շահերը: Այդ պատճառով ես կգնամ այնտեղ, որտեղ կպահանջեն մեր շահերը»,- ասել է Ասադը: