Դատախազություն. Պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել
2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ մարմիններում, նրանց ենթակա կամ մասնակցությամբ կազմակերպություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների, այդ թվում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից հարուցվել է 254 քրեական գործ:
Սա փաստվել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում կատարված վերլուծությամբ։
Դատախազության հրապարակած տվյալներով, դրանցից 129-ը, կամ մոտ 51 տոկոսը վերաբերել են կրթական, հիմնականում հանրակրթական հաստատություններում գրանցված աշխատողներին:
Քննված քրեական այդ գործերից 51-ի վարույթը կարճվել է ոչ արդարացման հիմքով, որից 35-ը վերաբերվել են կրթական հաստատություններին։ 43 անձի վերաբերյալ 29 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 13 անձի վերաբերյալ 11 գործ առնչվել է կրթական հաստատություններին։
Մասնավորապես, հարուցված նշված 254 քրեական գործերով պարզվել են գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած 543 անձինք: Նրանցից 222-ը կամ 41 տոկոսը, հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:
Քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է մոտ 1.390.329.391 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 1.035.253.643 ՀՀ դրամ, իսկ համայնքներինը՝ 355.075.748 ՀՀ դրամ։
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 415.555.554 ՀՀ դրամը, իսկ համայնքներին պատճառված վնասից՝ 93.233.387 ՀՀ դրամը։ Ընդ որում՝ ընդհանուր վնասից 356 մլն դրամը եղել է կրթական հաստատություններում գրանցված աշխատողների մասով, որից վերականգնվել է 101.4մլն ՀՀ դրամը։