Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագծին։
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու , Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ Վերին Լարսի անցակետում առաջանում են խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են ՌԴ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթներին, ուստի ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:
Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ։
Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվելու է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ Վլադիկովկասում, ինչը Վերին Լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր է հեռու։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել:
«Պետք է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է և շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի նաև մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն։ Երբ կառավարության անդամները ստիպված են բոլոր հարցերով զբաղվել, շատ կարևոր հարցեր երբեմն տուժում են դրանից», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ ԱԳՆ-ն ողջունում է այս որոշումը. «Վստահ եմ, որ մեր կցորդին ուենալով այնտեղ՝ բազմաթիվ հարցեր կդյուրացնենք, շատ ողջունելի է, որ այս հարցին լուծում ենք տալիս»։