Հովհաննես Քոչարյան. Պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը
Քաղաքական հայտարարության պատճառով փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Հովհաննես Քոչարյանը կոչ է անում դադարեցնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի դեմ քարոզչությունը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը: Դատելով առանձին հուզառատ գրառումների բովանդակությունից ՝ մեր քաղաքացիներին խնդրի էությունը լրատվամիջոցներով ճիշտ չի պարզաբանվում:
Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալման իրավունք չի վերապահում, այլ՝ գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության: Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացրել և իրականացնում է, սակայն ներկայումս այս միջոցառումն ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ կատարվում է միջնորդավորված կարգով:
Օրինագծի ընդունման դեպքում կրճատվելու է բյուրոկրատիան, հետևաբար այն դրական ազդեցություն է թողնելու ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա, հատկապես բնակարանային գողությունների, բռնի , քողարկված, այդ թվում կազմակերպված հանցագործոթյունների բացահայտման ու կանխարգելման:
Ժամանակակից որևէ պետությունում օպերատիվ ծառայությունները միմյանց գաղտնի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն, այն հետախուզական գործունեության կոնսպիրատիվության սկզբունքի կոպիտ խախտում է: Վերահսկողություն պետք է իրականացնեն դատախազությունը, դատարանները և քաղաքական իշխանության մարմինները: Ընդունված օրինագիծը հենց այս տրամաբանությունն է զարգացնում:
Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը , բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է:
Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացինաերի վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը: Արդյունքում ՝ մեզնից շատերն,առանց հիմնավոր պատճառների, իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են whatsapp, viber և այլ ինտերնետային հավելվածներով: Սա անընդունելի իրողություն է. բարոյահոգեբանական և իրավական երանգներին չեմ անդրադառնում:
Օրինագիծը մերժելով՝ այս կարևոր խնդիրը լուծում չի ստանալու, իսկ օպերատիվ աշխատանքները հնաչավոր չէ դադարեցնել: Նույնիսկ միայն մեկ իրավապահ մարմնի վերահսկողության ներքո գաղտնալսման պրակտիկայի շարունակությունը, այսինքն իրավիճակն անփոփող թողնելը, չի լուծելու կամայական լսումների բացառման հարցը, քանի որ այդ մեկ մարմիննել է գործում առկա անկատար իրավակարգավորումների տիրույթում:
Հետևաբար, առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը, քանի որ այն շեղում է հանրության ուշադրությունը գլխավոր հիմնահարցից և գործի դնել ժողովրդավարական բոլոր մեխանիզմները կամայական գաղտնալսումների բացառումը երաշխավորող նոր և որակյալ օրենսդրական ակտեր արագ ընդունելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանները ոչ գաղտնալսման որոշում տրամադրող դատարաններին են վստահում, ոչ էլ գաղտնալսող ոստիկանությանը
- Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել