ՔՕ նախագծով առաջարկվում է բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատելու համար նախատեսված վաղեմության ժամկետների շեմերը
Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքները շարունակվում են, Քրեական օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է շրջանառության մեջ, առաջիկայում այն կներկայացվի վարչապետի աշխատակազմ: «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա ակնկալում է, որ արդեն ԱԺ գարնանային նստաշրջանում նախագիծը կդառնա քննարկման առարկա:
Նախարարի խոսքով, Քրեական օրենսգիրը յուրաքանչյուր պետության արժեքային համակարգն արտացոլող իրավական աղբյուրներից մեկն է, քանի որ հենց դա է այն ցուցիչը, որի միջոցով տեսանելի է դառնում, թե որ արժեքներն են պետությունը համարում կարևոր և դրանց դեմ ոտնձգությանն արձագանքում ավելի խիստ քրեաիրավական հարթություններում:
Ռ.Բադասյանի ներկայացմամբ, Քրեական նոր օրենսգրքի նախագիծը նպատակ է հետապնդում ի թիվս այլնի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման համատեքստում նախատեսել ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ և բարձրացնել արդեն իսկ առկա պատժատեսակների կիրառման արդյունավետությունը, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային համահունչ նախատեսել քրեական պատասխանատվություն իրավաբանական անձանց համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արդի մարտահրավերներին և միջազգային պահանջներին համահունչ լրամշակել և հստակեցնել առկա հանցակազմերը, Քրեական օրենսգրքի մակարդակով ամրագրել կոռուպցիոն հանցագործությունների ցանկը:
Նախատեսվում է փոփոխել և բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատելու համար նախատեսված վաղմության ժամկետների շեմերը, բարձրացնել պատժից ազատման ինստիտուտների արդյունավետությունը, նախատեսել առանձնահատուկ կարգավորումներ անչափահասների առնչությամբ՝ հաշվի առնելով նաև վերջիններիս լավագույն շահը:
Հարակից հրապարակումներ`
- Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. ԱԱԾ տնօրեն
- ԱԺ-ն մերժեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը
- Իրավաբանը մտահոգիչ է համարում քրեական օրենսգրքի փոփոխությունները
- Քրեական օրենսգրքի նոր նախագծով հետքայլ է արվում. Հերիքնազ Տիգրանյան