Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» հայտարարեց Գերմանիայի դեսպանության երկու աշխատակիցների
Ռուսաստանում Գերմանիայի դեսպանատան երկու աշխատակիցների նկատմամբ հայտարարվել է «պերսոնա-նոն-գրատա» կամ անցանկալի անձ։ Դիվանագետները պետք է 1 շաբաթվա ընթացքում լքեն երկիրը: Այս մասին գրում է Ria-ն։
Բացի այդ, ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բողոքելու Գերմանիայի կառավարության անհիմն որոշման դեմ՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության դեպքի հետ:
Մոսկվայի քայլը Գերմանիայի կողմից ՌԴ դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելու հայելային պատասխանն էր։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետներին արտաքսել էր՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետաքննության հետ կապված: Օգոստոսի 23-ին անհայտ անձը Մոաբիթ շրջանում կրակել և սպանել էր տղամարդու: Բեռլինի դատախազությունը հաղորդել է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի 49-ամյա քաղաքացի:
Օրերս էլ Փարիզում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ սպանված Վրաստանի քաղաքացին մոսկովյան մետրոյի պայթյունի կազմակերպիչներից մեկն էր։ Ռուսաստանի ղեկավարը նաև ասել էր, որ սպանվածն ակտիվորեն ներգրավված է եղել Կովկասում անջատողականների գործողություններին և գտնվում էր հետախուզման մեջ: Պուտինը նշել էր, որ նա եղել է զինյալ ու շատ կոշտ և արյունարբու մարդ, և նրա գործողություններից միայն մեկում սպանվել է 98 մարդ:
Պուտինը հավելել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի գերմանացի գործընկերներին սպանության գործի քննության հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին մոսկովյան մետրոյի պայթյունի կազմակերպիչն էր
- Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայից ռուս դիվանագետների վտարումը