Զայրացած Արամ Խաչատրյանի ստեղծած գլուխգործոցը՝ «Սուսերով պար»
Այսօրվանից հայաստանյան կինոթատրոններում ցուցադրվում է մեծանուն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ռեժիսոր և սցենարի հեղինակի Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմը: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է նախօրեին: Դրանից հետո լրագրողների հետ հանդիպմանը Յուսուպ Ռազիկովն ասաց, որ Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» ստեղծագործությունը, որը կոմպոզիտորը ստեղծել է շատ զայրացած վիճակում, հրամանով, այսօր համարվում է դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը, իսկ Արամ Խաչատրյանը իր այդ ստեղծագորրծությունը «անհնազանդ ու աղմկոտ զավակ է» անվանել:
«Բարդ աշխատանք էր, քանի որ ցանկացած սյուժեի հիմքը դրամատիկ իրավիճակն է: Արամ Խաչատրյանի դեպքում բավականին բարդ էր, քանի որ անհավատալի խելացի մարդ էր»,- ասաց բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր ռեժիսորը:
1942 թվական, Մոլոտով (Պերմ)․ այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: Մի քանի շաբաթից «Գայանե» բալետի պրեմիերան է, որը դեռ պատրաստ չէ։ Ստեղծագործությունն ավարտելու փորձ կատարելու ժամանակ կոմպոզիտորը բախվում է ցենզուրայի խիստ պահանջներին։ Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել ևս մեկ պար բալետի վերջին հատվածում։ Ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:
«Դրամատիկ իրավիճակ էր, քանի որ նա արդեն համարում էր, որ բալետն ավարտված է: Զայրացած վիճակում ստեղծում է այն, ինչը զարմացրել և հիացրել է ողջ աշխարհին»,- նշեց Յուսուպ Ռազիկովը:
Ֆիլմում 39-ամյա Արամ Խաչատրյանի դերում հանդես է գալիս Համբարձում Քաբանյանը:
«Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել ինձ մոտ: Ես սկզբում վախ ունեի, թե արդյո՞ք կարող եմ»,- ասաց դերասանը:
Նա նշեց, որ երբ արդեն հաստատվել է իր՝ այդ դերում հանդես գալը, սկսել է շատ գրքել կարդալ Արամ Խաչատրյանի, նրա ստեղծագործությունների մասին:
«Նկարահանումների ժամանակ միակ բանը, որ հարցնում էի՝ արդյո՞ք կարողանում եմ դեմքի արտահայտությամբ, աչքերով արտահայտել այն, ինչ պետք է, արդյո՞ք կարողանում եմ փոխանցել էներգետիկան, քանի որ խոսքերն ինձ մոտ քիչ էր: Յուսուպն ասում էր՝ աշխատիր»,- պատմեց Համբարձումը:
Ֆիլմում հանդես է գալիս նաև դերասան Արման Նավասարդյանը:
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար ստանձնել այդ դերը, հանդես գալ այդ կերպարում: Հետաքրքիրն այն է, որ հորինված կերպար է, պատմության մեջ հայտնի չէ: Գուցե Արամ Խաչատրյանի կողքին եղել է նման մարդ, բայց պատմությունից մեզ չի հասել նման տեղեկատվություն»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Դերերում հանդես են գալիս՝ Համբարձում Քաբանյան, Ալեքսանդր Կուզնեցով, Ալեքսանդր Իլյին կրտսեր, Սերգեյ Յուշկևիչ, Վերոնիկա Կուզնեցովա, Իննա Ստեպանովա, Իվան Ռիժիկով, Վադիմ Սկվիրսկիյ: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմը «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ֆիլը մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում:
Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի և մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում:
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):
«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:
Հարակից հրապարակումներ`
- Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը
- Ամերիկյան կինոշուկայում կներկայացվի Արամ Խաչատրյանի մասին կենսագրական «Սուսերով պար» ֆիլմը
- «Սուսերով պարի» թրեյլերը
- Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»
- «Սուսերով պարը» ֆիլմն ընդգրկվել է Շանհայի փառատոնի մրցութային ծրագիր
- ԱՄՆ դեսպան. «Սուսերով պարը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է
- Դիշդիշյանը ՌԴ մշակույթի նախարարությունից 45 միլիոն է խնդրել Խաչատրյանի «Սուսերով պարի» համար