208 մլն դրամ՝ ոստիկանությում հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրող սարքերով կահավորելուն
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության շենքերում հարցաքննությունների սենյակները կահավորել տեսաձայնագրող սարքերով:
ԱԺ արտահերթ նիստում օրենքի նախագիծը ներկայացնելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը նշեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները ՝ տեսաձայնագրող համակարգերով։
Նպատակը, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։
Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։
Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով: