Աժ-ում. 1+1= տանձ
«Եթե հնչում է հարց, օրինակ, 1+1 ինչի է հավասար և պատասխանը հնչում է՝ դրսում լավ եղանակ է, ես նորից եմ կրկնում և ստանում պատասխան՝ տանձ, ապա ես շարունակում եմ լսել իմ՝ 1+1 ինչի է հավասար հարցի պատասխանը»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորի խոսքով, պետք է հանրությունը հասկանա՝ ինչու է պետությունը ցանկանում վերցնել հերթական վարկը, սակայն այդ պատասխանն այդպես էլ չի հնչում. «Քանի ամիս է՝ կառավարությունն ասում է ունենք պրոֆիցիտ, բյուջեն գերակատարել ենք, ունենք վարչապետ, ով տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել և դեմ է խոսել, և հիմա եկել է այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ու ասում է, որ պիտի վերցնենք նոր վարկ, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչպես և ինչու»։
Հիշեցնենք, որ խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է 4 բանկերից 152 միլիոն դոլար վարկ վերցնելու և պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու օրենքի նախագիծը, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով, ծախսերը, որոնք ստացվելիք գումարով իրականացվելու են, նպատակային են. «Այս գումարները նպատակային են այնքանով, որ ստանալու նախապայման կա՝ ծառայելու են մեր բյուջեի իրականացմանը»։
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն էլ, իր ելույթում նշեց, որ իզուր է ոչ իշխանական թևին համոզել կողմ քվեարկել նախագծին. «Ընդդիմությունը սովորաբար կառավարության ծրագրին, բյուջեին դեմ է քվեարկում։ Մենք էլ, որ վաղը մյուս օր ընդդիմություն լինենք, այդպես ենք անելու։ Էս նորմալ ա, դա հավաստում ա, որ նրանց փաստարկները կապ չունեն։ Էս վարկային համաձայնագրերը, պարզ ա, որ ընդդիմությունը պիտի քլնգեր։ Բայց պիտի հասկանանք, որ մեր գործերն էնքան լավ ա, որ մեզ առաջարկում են էժան փող»։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական, անքննելի է. Զոհրաբյան
- 152 միլիոն դոլար պարտք՝ 2019 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար