«Ժողովուրդ». ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում
ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:
«Ժողովուրդ»-ը փորձել է հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից:
«Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, և դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում»,-թերթի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հավելել է. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, և 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:
Թերթի տեղեկություններով` ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում: Թերթը գրել է, որ եթե այս տարբերակն էլ չաշխատի, կգործադրվի «պլան Ճ-ն»:
«Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, սակայն բուն սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու երկու տարի անց` 2022 թվականին, և գործընթացի վերջնական արդյունքը պետք է լինի Սահմանադրական դատարանի լուծարումը, որպեսզի այդկերպ հաղթահարվի ճգնաժամը»,-հավելել է թերթը: