Իրավիճակ է փոխվել, տղամարդիկ էլ են բռնության ենթարկվում. Ցոլակյան
«Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել, քանի որ փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,- այսօր կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞վ պետք է լիներ, փոխվարչապետը պատասխանեց. «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»:
Վարչապետն էլ կատակեց, թե ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ խորհրդում քննարկվել են բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցեր, բացի այդ, ըստ նրա, ունենալու են թիրախավորված, փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ և ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրել է՝ տղամարդկանց մասով կոնկրետ բան կա՞ գրված, ասում է՝ կանայք ավելի խոցելի են, դրա համար են կանանց գրում։ «Քանի որ իրավիճակ է փոխվել և իրավիճակը հա փոխվում է, տղամարդկանց բառը պետք է մեկ-մեկ շեշտվի, քանի որ տղամարդկանց նկատմամբ բռնությունն էլ է շատացել։ Մեկ-մեկ գրենք, որ տղամարդիկ հիշեն՝ իրենց էլ տեր կա, թե չէ անընդհատ ասում ենք՝ կանանց նկատմամբ բռնություն, մի քիչ լավ չի ստացվում»,- նշեց ԱԻ նախարարը։
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ ընդգծեց, որ տղամարդկանց նկատմամբ բռնությունների մասին բողոքները իրենց մոտ ավելացել են։
«Փաստորեն մի բան գիտեիք, պարոն Ցոլակյան»,- ծիծաղելով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։