Կառավարության շենքի դիմաց կինը մտադիր էր ինքնահրկիզվել
Կառավարության շենքի դիմաց այսօր մի կին՝ 59-ամյա Մայրանուշ Երանոսյանը, սպառնում էր ինքնահրկիզվել։ Նա ձեռքին ուներ բենզինով լի մի շիշ։
Երեք փոքր երեխաներ ունեցող 29 տարեկան որդին՝ Հակոբ Երանոսյանը, ինչպես լրագրողներին պատմեց կինը, ավտովթարի հետևանքով վնասվածքներ է ստացել ու կոմայի մեջ է գտնվում արդեն 8 ամիս։ Սակայն վթարը մոր համար կասկածելի է։
«Ես բողոքում եմ բոլոր օրգաններից, դատախազներից։ Իմ տղայի գործով հետաքրքրվող չկա, ոչ մի ոստիկան իմ դուռը չի բացել։ Ոչ մեկին ոչ մի բան չի եղել, մենակ իմ տղան է վնասվել։ Ես մի անգամ ընկա, հարյուր անգամ միլիցիա եկավ, հիմա խի՞ ոչ մի ոստիկան չի եկել։ Ես վարչապետին եմ ուզում, կասկածում եմ՝ խփել են»,-ասաց նա։
Կինը լացելով պատմեց, երկու ամիս առաջ նամակ է հանձնել կառավարության ղեկավարին, Փաշինյանը խոստացել է՝ կպատասխանեն, բայց մինչ օրս որևէ մեկը չի արձագանքել։
«Ումի՞ց իմանամ, ո՞նց է տղես։ Ինչի՞ են իմ հարսին որպես իրավահաջորդ նշանակել, երբ զագս ընկած չեն։ Եթե սարքած գործ չի, ինչի՞ ոստիկան չի եկել մեր տուն։ Կասկածում եմ»,-լացելով հարցեր է հնչեցնում Մայրանուշ Երանոսյանը։
Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը դրսում լսեց կնոջ բողոքը, նրան ուղեկցեց կառավարության շենք։ Այնտեղից դուրս գալուց հետո կինը հայտարարեց՝ կսպասի, հույս ունի՝ լավ պատասխան կստանա։
«Հույսս չեմ կորցնում, հույս ունեմ՝ կպատասխանեն»,-ասաց Մայրանուշ Երանոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ