Միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել. փոխնախարար
«Սպորտսմեններին, ովքեր ներգրավված են որևէ հավաքականում, տրվում է տարկետում»,- այս մասին այսօր ԱԺ արտհերթ նիստի ընթացքում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին։
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպես է լուծվելու այն մարզիկների խնդիրը, որոնց ներկայացրած մարզաձևերը սպորտվաշտերում ներգրավված չի լինի։
«Օրինակ, այսօր կառավարության նիստի ընթացքում մի քաղաքացի տարկետման իրավունքից զրկվեց, քանի որ դուրս է եկել հավաքականի կազմից։ Այսինքն՝ այդ համակարգը գործում է։ Բայց երբ սկսենք մարզական ակումբի հետ կապված աշխատանքները, միգուցե անհրաժեշտություն առաջանա տարկետման որոշումն ընդհանրապես վերացնել կամ վերանայել։ Բայց այսօր այդ որոշումը գործում է, և եթե մրցանակային մինչև 4-րդ տեղը զբաղեցնում են, ստանում են տարկետում»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե տարկետման հանունից հետո հումանիտար ոլորտում ներգրավված տղաների համար ինչ մեխանիզմ է մշակվելու. «Նրանք 2 տարի կտրվում են իրենց գիտությունից, կրթությունից։ Գուցե նրանց համար էլ ինչ-որ այլընտրանքային բան ստեղծվի, օրինակ՝ գրադարաններ»։
ՊՆ փոխնախարարը նշեց, որ ուսումնառության ընթացքում հնարավորինս շատ խմբերի է հնարավորություն տրվում տարկետում ստանալու։ «Այս պահին որևէ առանձին ծրագիր հումանիտար ուղղության մասով չենք մշակում, բայց պետք է հաշվի առնել հետևյալը, որ հումանիտար ոլորտի մասնագետների անհրաժեշտություն կա նաև բանակում։ Մենք միանշանակ դրական ենք գնահատում էն աշխարհայացքը, որ նրանք կարող են իրենց ծառայակիցների շրջանում սփռել»։
Բացի «Պատիվ ունեմ»-ից գործում է նաև «Ես եմ» ծրագիրը նույն տարակարգի համար։
«Մենք մի քանի այլ ծրագիր ենք հիմա մտածում, բայց այս պահին որևէ պատրաստ առաջարկ չունենք։ Բայց գրադարանների մասին կարող եմ ասել, որ բոլոր մեծ զորամասերում կան գրադարաններ և համապատասխան գրականությամբ անընդհատ համալրվում են»,- նշեց Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բանակում կստեղծվեն սպորտվաշտեր
- Հաջողություն գրանցած մարզիկները ևս կզորակոչվեն բանակ
- Այն, ինչ առաջարկել է Հայկ Սարգսյանը, մեզ համար նման դիրքորոշումը սկզբունքորեն ընդունելի չէ. Գաբրիել Բալայան
- Շատ անելիքներ կան. Գաբրիել Բալայան