Ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ. Փաշինյան
Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են, հայոց բանակն է։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է: Այստեղ և տնտեսական, և քաղաքական, և հոգեբանական, և դիվանագիտական կոմպոնենտ կա, բայց, այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայոց բանակն է, թիվ մեկ երաշխավորը զինված ուժերն են»,- նշեց վարչապետը։
Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ։ Նրա խոսքով՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն:
«Ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, քանին որ, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ, և մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, զինված ուժերի զարգացման բնագավառում»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ սպառազինությունների ձեռքբերումը պաշտպանության ոլորտում կառավարության վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ըստ նրա՝ լրջագույն քայլեր են արվել ԶՈւ-ի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ։ Նա նաև ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու։
«Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջին՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում, ինչը բնական մասն է: Բայց կա նաև երկրորդ հատվածը, որ իհարկե, մենք բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումներն ու փոփոխությունները, որ իրականացնում ենք իրենց բովանդակությամբ, կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։