ԱԱԾ. Դեղեր են կեղծվել և իրացվել
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում:
Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:
Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:
«Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի:
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար»,-ասված է ԱԱԾ մամուլի հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին