Րաֆֆի Հովհաննիսյան. Շատ եմ ուզում՝ վարչապետը մեթոդաբանական մենակությունից դուրս գա
«Ամբողջ աշխարհի հայությունը, Հայաստանը պետք է ավելի հավաք վիճակի մեջ լինեն, ներքուստ ավելի ուժեղ պետք է լինենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ներսում վերջապես կա դե յուրե իրավիճակ, դե յուրե իշխանություն, դե յուրե ընդդիմություն, դե յուրե հասարակություն, սակայն այնքան ուժեղ չեն, հավաքված չեն, որպեսզի կկարողանան արտաքին հարաբերությունների խնդիրները լուծել:
«Պատրանքային են, եթե մեր ներքին հարցերը չլուծենք: Հայաստան պետությունը պետք է իր տունը կարգի հրավիրի՝ ներքին և արտաքին առումներով»,- ընդգծեց Ր. Հովհաննիսյանը:
Նրա համար շատ տարօրինակ է, արտասովոր ու տարակուսելի, որ «մեր զորակցած իշխանությունը, վարչապետը բողոքում է այն պետական համակարգից, որի գլուխն ինքն է, որը մեկուկես տարի ինքն է ղեկավարում»:
«Այդ իշխանական պետական համակարգն իր և իշխանական թիմի գործունեության հայելին է, արտացոլանքը: Շատ եմ ուզում, որ հանրապետության վարչապետը մեթոդաբանական մենակությունից դուրս գա, որ մնացյալը մի կողմ, ինքը հաղթահարի ինքն իրեն, որ այլևս չխոսենք այն բանից, որ ես եմ ընտրվել, ես պետք է ջարդեմ: Սա արդեն ազգային անվտանգության և պետական ինքնիշխանության խնդիր է: Սա արդեն ես-ի մասին չէ: Մենք պետք է հասկանանք, որ սա փակ շրջան է, մեթոդաբանությունը, ինքնագնահատականը պետք է փոխվի: Մենք բոլորս միասին մերժեցինք նախորդ մեթոդաբանությունը: Սա հավաքականություն է, այլևս չկա «ես-ություն»: Իմ բարեմաղթանքն է, որ այդ մենակությունն այլևս չլինի: Շատ եմ ուզում, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ապրի իրենց իսկ հեղափոխական խոսքերին համապատասխան: Տեսնում եմ՝ մեկ տարում դերերը փոխվել են, տեսնում ենք թե երկու տարի առաջ հեղափոխականն ինչ էր ասում, հիմա ինչպես է խոսում, ինչպես է ապրում: Կուզենայի, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ավելի համեստ, ժուժկալ, զուսպ ապրեր որպես հեղափոխանական»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանի խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունն ընդդիմություն է, հունվարից սկսած ավելի ընդգծված մոտեցումներով հանդես կգա: Նա կարծում է, որ քաղաքական գործընթացները կգնան ընթացիկ վիճակով, 2020 թվականը կտեսնի վայրիվարումներ, որովհետև քաղաքական դերակատարները էմոցիոնալ են, շատերը միայն իրենց ես-ն են վերցնում, ես-ով են խոսում: Քաղաքական գործիչը հավելեց, որ սա միայն վարչապետի մասին չէ:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
- Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
- Ղազինյան. Փաշինյանը խոստովանեց, որ կառավարությունում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ