Կարեն Քոչարյան. Սկսում ենք դրամահավաք, որպեսզի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը լինի եթերում
Քաղտեխնոլոգ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղորդման հեղինակ Կարեն Քոչարյանը հայտարարել է համաժողովրդական դրամահավաք, որպեսզի խաղը հեռարձակելու հնարավորություն ունենան։
«Արդեն 17 տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդումը եթերում է։ 17 տարի այն ունեցել է պետական աջակցություն։ Իհարկե, առանց հեռուստադիտողների այս խաղն ընդհանրապես չի կարող լինել եթերում։ Ստացվել է այնպես, որ այս տարի կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը, որը մենք ձեռք ենք բերում ռուսական հեռուտաընկերությունից, որին պատկանում է այս հաղորդման հեղինակային բոլոր իրավունքները»,-ասաց Քոչարյանը։
Նա նկատեց, որ հաղորդումը սիրում են տասնյակ նույնիսկ հարյուր հազարավոր հեռուստադիտողներ, դրա մասին վկայում են բազմաթիվ նամակները, հարցերը։
«Այդ իսկ պատճառով սկսում ենք դրամահավաք, որպեսզի ժողովրդական այս հաղորդումը համաժողովրդական միջոցներով կրկին եթեր հեռարձակվի։ Ես վստահ եմ, որ մենք կհավաքենք այդ գումարը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ հաղորդումն ապաքաղաքական է, ինքը չի թողնելու, որ այն դառնա քաղաքական։
Հարակից հրապարակումներ`
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունում հայկական թիմերը միջին հորիզոնականներ են զբաղեցրել
- Այսօր կմեկնարկի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը