Երևանում կտեղադրվեն «խելացի» աղբամաններ
«Սմարթ ապագա» կազմակերպությունը անհատներին և կազմակերպություններին վճարովի ծառայություն է մատուցում՝ հավաքելով տեսակավորված աղբը, մասնավորապես պլաստիկ, թուղթ կամ ապակե թափոնները: Հավաքված թափոնները հանձնում են վերամշակող ընկերություններին, ստացված հասույթն, ինչպես panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Սմարթ ապագա» ՍՊԸ-ի բաժնետեր Հայկ Կազարյանը, օգտագործում են սպասարկման ծախսերը հոգալու համար: Բացի դրանից, գործում է բաժանորդավճար՝ մեկ տարվա համար 10 000 դրամ:
«Հավաքած գումարը ծածկում է ծախսերի մոտ հինգ տոկոսը: Այս պահին ունենք մոտ 800 անհատական բաժանորդ և շուրջ 60 կազմակերպություն: Մենք սպասարկում ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մի փոքր ներդրում անել՝ իրենց հարմարավետության համար : Մենք գալիս ենք իրենց դռնից տանում ենք թափոնը: Կան նաև անվճար տարբերակներ, երբ հայտարարվում է տարածքներ, որտեղ ընդունում են թափոնները և այս դեպքում բնակիչներն իրենք են տանում աղբը»,- ասաց Կազարյանը:
Ընկերության ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ շուտով «Սմարթ ապագա» կամ «խելացի» աղբամաններ կտեղադրվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
«Եթե բնակիչն ինքը տեսակավորված թափոնը (խոսքը այս դեպքում բոլոր տեսակի պլաստիկ իրերի մասին է) տանի և գցի «Սմարթ ապագա» -ի մեջ, ապա բաժանորդավճար չի լինի»,-ընդգծեց Կազարյանը:
Խելացի աղբամանները շուտով կլինեն սուպերմակերտների, բիզնես կենտրոնների առջևում նաև զբոսաշրջային վայրերում: Դրանք անվճար են լինելու: Ընկերությունը ծախսերը կապահովվի սարքերում տեղադրված գովազդների միջոցով:
Այժմ մեկ նման սարք դրված է Մերգելյան ինստիտուտի բակում, սակայն բնակիչները վնասել էին սարքը: Հիմա վերանորոգում են և նորից կտեղադրեն, այս անգամ սակայն տեսախցիկներով:
Քաղաքապետարանի հետ երկխոսությունից խոսելիս, Կազարյանը հայտնեց, որ ծառայության մատուցման մասով համագործակցությունը քաղաքապետարանի հետ չի հաջողվել, բայց խոստացել են սմարթ –աղբամանների համար անվճար տարածքներ տրամադրել: