ԵԽԽՎ-ն նոր նախագահ կընտրի ու կքննարկի Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը ձմեռային նստաշրջանում
Հունվարի 27-ից 31-ը Ստրասբուրգում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ-ն կընտրի իր նոր նախագահին:
Վեհաժողովում ելույթներ կունենան Վրաստանի և Մոլդովայի նախագահները, Վրաստանի արտգործնախարարը, որը ներկայումս նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեում։ Ելույթ կունենա նաև Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարն ու կպատասխանի պատգամավորների հարցերին:
Վեհաժողովը քննարկելու է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև համատեղ ընթացակարգի քննարկումը՝ ի պատասխան անդամ պետության կողմից իր կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտումների, Լեհաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը:
Պատգամավորները կքննարկեն նաև լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող սպառնալիքները՝ «Ժողովրդավարությունը կոտրվա՞ծ է, ինչպե՞ս արձագանքել» զեկույցում, ինչպես նաև կրոնի ազատության պաշտպանությունը աշխատավայրում:
Վեհաժողովը երկու համատեղ քննարկում կանցկացնի՝ միգրանտների առևտրի և փախստականների ու գաղթած երեխաների վերաբերյալ, և՝ օրգանների փոխպատվաստման զբոսաշրջության և մարդու հյուսվածքների ու բջիջների թրաֆիքինգի վերաբերյալ: Օրակարգում է նաև ընտրական համակարգերի նվազագույն չափանիշների և Բելառուսում ընտրությունների վերաբերյալ զեկույցը: