Համայնքներում մարդիկ իրականությունից կտրված են. Հովսեփյան
«Մեդիա ոլորտում մենք ունենք ազգային անվտանգության լուրջ խնդիր»,- աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հովսեփյանի խոսքով, տարիներ շարունակ հեռուստատեսությամբ խաղաղ պատերազմ է հայտարարված, որտեղ հեռարձակում են, ինչ ուզում են, բայց հակադարձ պատասխան հասարակությունից չեն ստանում։
Պատգամավորը նշում է, որ հեռուստատեսությունը որևէ քաղաքական ուժի շահերից բխող տեղեկատվություն է տալիս, իսկ հասարակությունը քաոսային իրավիճակում է հայտնվում. «Համայնքներում մարդիկ սնվում են կեղծ ինֆորացիայով։ Երբ ես շրջում եմ տարբեր համայնքներում, հասկանում եմ՝ մարդիկ իրականությունից կտրված են»։
Հովսեփյանի համոզմամբ, առավելագույն կառավարելի դառնում է հանրությունը, երբ իր մտածողությունը դառնում է ոչ արժեքավոր։
«Այսօր հեռուստատեսությունը լցված է բազմաթիվ հակազգային նյութերով, հեռուստասերիալներով, որոնք չեն կարգավորվում, քանի որ նշվում է՝ հանրությունն այդ է պահանջում։ Դա այդպես չէ, նրանք տալիս են այն, ինչ բխում է իրենց շահերից»,- նշեց պատգամավորը։
Վերջինս առաջարկեց շրջել մարզերում, տեսնել՝ ինչ խնդիր կա, երբ մարդիկ աշխատանքից հոգնած գնում են տուն, և փորձում են հեռուստատեսությունից ինֆորմացիա քաղել, և ստանում են միայն ոչ կանոնակարգված հեռուստասերիալներից տրվող ինֆորմացիա։
«Մարզերում, բացի հանրային հեռուստատեսությունից այլ բան չի հեռարձակվում։ Մարդիկ ուզում են մի բան լսել, բայց ստիպված լսում են հարևան երկրների ռադիոընկերություններին»,- նշեց Հովսեփյանը։
Արձագանքելով պատգամավորի խոսքին՝ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը նշեց, որ ռադիոյի մասով ծածկույթը ավելի է, քան 100%-ը։
«Հարևան երկրների ազդակները մեր երկրում չհնչել չեն կարող, և հակառակը՝ հայկական ազդակները հարևան երկրներում են հնչում։ Սրա դեմ պայքարելը նույնքան անիմաստ է, որքան արևածագի և մայրամուտի դեմ պայքարելը»,- ասաց Խումարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աջաբսանդալ է, հեռուստաընկերություններն առանց որևԷ նորմի հեռարձակվում են. ՀՌԱՀ նախագահ
- Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա». Փաշինյան