Հրաչյա Հակոբյան. Այդ տեքստերը չպիտի լինեին այդ մամուլում
«Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Պատգամավորը վերջերս նույն կերպ հայտարարել էր նաև, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։
«Ընդհակառակը, մարդիկ հարցնում են՝ ինչպես կարելի է՝ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի: Այնպես որ, բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում մամուլը ոչ միայն ազատ է, այլ նաև երբեմն, ներողություն, բայց անում է այնպիսի հայտարարություններ, գրվում են այնպիսի տեքստեր, որ պարզապես այդ տեքստերը պետք է տեղ չգտնեին այդ մամուլում»,- նշեց Հակոբյանը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույցին՝ Հակոբյանը գնահատեց այն անբարոյական։ Հիշեցյենք՝ Աշոտյանն ասել էր՝ խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից, քանի որ վերջինս չի ցավակցել Կուտոյանի ընտանիքին։
«Այն, ինչ մենք տեսանք, ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր, և անձնական ցավակցության բացակայությունը բավականին աղաղակող»,- նշել էր Աշոտյանը։
Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել Կուտոյանի ընտանիքին, Հակոբյանը չկարողացավ պատասխանել։