Գրավը՝ որպես առանձին խափանման միջոց ընդունելու նախագիծը օրակարգ չբերվեց
«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում, ձայների հարաբերակցությամբ 37 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ, չընդգրկվեց։
Նախագիծը առաջարկվել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։
«Առաջարկում ենք գրավը՝ որպես առանձին խափանման միջոց ընդունել»,- խորհրդարանում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ ներկայում գրավը որպես կալանքի այլընտրանքային միջոց է կիրառվում։
«Սահմանադրական դատարանը սա դիտարկել է որպես առանձին խափանման միջոց և ճանաչել էր հակասահմանադրական այս կարգավորումը։ Մենք հանդես էինք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ գրավը դիտարկում էինք որպես առանձին խափանման միջոց։ Սակայն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց և հիմնական պատճառն այն էր, որ կառավարությունը ցանկանում էր ինքը բերել այս նախագիծը»,- նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ՍԴ որոշումների ընդունումից հետո կառավարությունը պարտավոր է եռամսյա ժամկետում ՍԴ որոշումից բխող անհրաժեշտ իրավակարգավորումները ներկայացնել։
«Օրենքով նախատեսված եռամսյա ժամկետը մի կողմից ապահովում է հնարավորինս արագ ՍԴ մեկնաբանությունից բխող կարգավորումներ բերելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ ապահովում է ավելորդ շտապողականության չդրսևորումը։ Անկախ հանգամանքից, որ սա եղել է մերժման պատճառ»,- նշեց Գրիգորյանը։