«Ով է ասել, որ մեկ պատգամավորի ձայնը շատ ավելի կարևոր է, քան ՀՀ 50 հազար քաղաքացու ձայնը»
«Առաջարկում ենք, որ հանրաքվեի նախաձեռնող խումբը 50-ի փոխարեն բաղկացած լինի 25 հոգուց»,- խորհրդարանում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով, նախագծով առաջարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար նախաձեռնող խումբը 50-ի փոխարեն բաղկացած լինի 25 հոգուց:
«Առաջարկվում է, որ եթե տասնօրյա ժամկետում ԿԸՀ-ն որոշում չի կայացնում, նախաձեռնող խումբը համարվում է գրանցված»,- ասաց Դանիելյանը:
Գործող օրենքով սահմանված է, որ ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 45 օրվա ընթացքում, Ազգային ժողովի մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, իսկ նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 90 օրվա ընթացքում.
«Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է «45 օրվա» և «90 օրվա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «60 օրվա» և «180 օրվա» բառերով: Թերությունների հայտնաբերման դեպքում ԿԸՀ-ն տեղեկացնում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին և տրամադրում 10 աշխատանքային օր հայտնաբերված թերությունները վերացնելու համար»:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պաշտպանում են նախագիծը:
«Եթե մենք խոսում ենք ուղիղ ժողովրդավարության մասին, ապա ով է ասել, որ մեկ պատգամավորի ձայնը շատ ավելի կարևոր է, քան ՀՀ 50 հազար քաղաքացու ձայնը և ով է ասել, որ այդ 50 հազար ՀՀ քաղաքացիները, եթե որևէ նախագիծ ուզենան, որ քննարկվի Աժ-ում, չեն կարող գտնել այդ մեկ կամ երկու պատգամավորին, որոնց միջոցով այդ նախագիծը ներկայացնեն»,- ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերիքնազ Տիգրանյանն առաջարկում են «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում