«Ակնկալում եմ օրինագծեր, որոնք կբերեն մամուլի հաշվետվողականությանը». Հովհաննիսյան
«Մենք այսօր այս օրինագծով տալիս ենք իրավունք ԶԼՄ-ներին, բայց հաճախ խուսափում ենք նրանց պատասխանատվության կանչելուց»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվում ԶԼՄ-ներին պետռեգիստրից ինֆորմացիա ստանալ՝ առանց նախատեսված 3000 դրամ պետտուրքը վճարելու։
Հովհաննիսյանի խոսքով, ԶԼՄ-ներին պատասխանատվության կանչելուց մարդիկ խուսափում են, քանի որ մշտապես խոսքի ազատության խնդրին բախվելու մտավախություն կա։
«Խոսքի ազատության և պատասխանատվության սահմանը բավականին բարդ է։ Եվ մշտապես ԶԼՄ-ների հետ կապված որևէ հարց է լինում, առաջին պլան է գալիս մամուլի նկատմամբ ճնշումների մասին հարցը։ Բայց երբ մամուլն է ճնշում, և մամուլն է սուտ ու կեղծիք տարածում, էդ դեպքում մենք որևէ քայլ չենք անում, և դա բերում է բացարձակ թողտվության»,- նշեց Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով, մաղձ է թափվում մամուլից. «Երբ խոսք է գնում երկրում ատելության խոսքի մասին, հենց էդ մամուլի միջոցներն են, որ էդ ատելության մթնոլորտը երկրում տարածում են։ Իշխանությունը չի տարածում, ընդդիմությունը չի տարածում, և մամուլի միջոցներն են միայն, որ կոնկրետ պատվերով տարածում են այդ ամենը»։
Հովհաննիսյանը նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մամուլը թափանցիկ և հաշվետվողական դարձնելու համար։ Պատգամավորի խոսքով, եթե մամուլը չեղավ թափանցիկ և հաշվետվողական, ապա նա իրավունք չունի պահանջել հաշվետվողականություն որևէ մեկից. «Այդ տեսանկյունից ակնկալում եմ աշխատանք այս ուղղությամբ։ Ակնկալում եմ այնպիսի օրինագծեր, որոնք կբերեն մամուլի բոլոր միջոցների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ օրինագիծը խիստ կարևոր է տեղեկատվության ազատության հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։
«Այո, ԶԼՄ-ների համար ստեղծվող այս հնարավորությունը նաև որոշակի պատասխանատվության առաջ պետք է դնի ԶԼՄ-ներին։ Ընդհանրապես, բարեխղճության լուրջ կրիզիս է այսօր մեդիադաշտում, բայց սա որևէ կերպ չի նշանակում, որ այս հնարավորությունը չպետք է տալ։ Եվ սա որևէ կերպ չի նշանակում, որ հետագայում չպետք է քայլեր իրականացվեն այս դաշտը բացելու»,- նշեց Աբրահամյանը։