ԶԼՄ-ները կազատվեն պետռեգիստրից ինֆորմացիա ստանալու համար նախատեսված տուրքից
«Նախատեսվում է բացել համակարգը զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձանց համար»,- խորհրդարանում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է որոշվել պետական տուրքի արտոնություն տրամադրել միայն ԶԼՄ-ներին. «Քանի որ էդ տեղեկատվությունը օգտագործող այլ շահառուներ կան, օրինակ, հիմնադրամներ, ՀԿ-ներ, որոնք զբաղվում են վերլուծական աշխատանքներով։ Բացի այդ պետռեգիստրը ո՞նց է որոշելու տեղեկատվություն ստանալու համա դիմողը հանդիսանո՞ւմ է ԶԼՄ, թե ոչ։ Շատ մարդիկ կարող են ԶԼՄ-ի անունից հարցում իրականացնել և պետտուրքից խուսափել»։
Գալյանը նշեց, որ զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող անձը սահմանվում է համապատասխան օրենքում և նրա գործունեության բնույթը բացահայտվում է համապատասխան ոլորտը կարգավորող օրենքի հիման վրա։
«Այդ է պատճառը, որ այս փուլում ՀԿ-ները դուրս են մնացել ցանկից։ Եթե լինի այնպիսի իրողություն, որ այդ մարմինները զբաղվեն զանգվածային լրատվական գործունեությամբ, և ներկայացնեն համապատասխան հայտ, ապա նրանք ևս հնարավորություն կունենան ստանալ պետական միասնական գրանցամատյանում առկա ինֆորմացիան ստանալ՝ առանց պետական տուրք վճարելու»,- նշեց Գալյանը։
Սողոմոնյանը հարցրեց, թե արդյոք նախագիծը կոռուպցիոն ռիսկեր առաջ չի բերում։
Գալյանը պատասխանեց, որ 3000 դրամ պետական տուրքից ազատվելու համար իմաստ չկա դիմել ԶԼՄ-ներին, որպեսզի վերջինս ստանա համապատասխան տեղեկատվությունը. «Իրականում մենք գնում ենք այն ուղղությամբ, որ պետռեգիստրը սպասարկող էլեկտրոքնային հարթակը կատարելագործելուց հետո այն հասանելի դարձնենք բոլորի համար։ Իհարկե, դա անելու ենք սահմանափակ ծավալով՝ պաշտպանելով մարդու անձնական տվյալները։ Սա միջանկյալ լուծում է՝ տեղեկությունը լրագրողների միջոցով հասարակությանը հասցնելու համար»։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատաելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։