Սիրով և գործընկերաբար ձեզ զգուշացնում եմ՝ չանեք նման բան. Մարուքյանը՝ իշխանությանը
«Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը, լինելով մրցութային հանձնաժողովի ղեկավար, անցկացրել է իր քրոջորդուն»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով, հենց մամուլը հոդված է գրել վերոնշյալ դեպքի մասին, նա ազատվել է իր պաշտոնից. «Սակայն չկա հարուցված քրեական գործ, մինչդեռ կան հրապարակային հայտարարություններ։ Դա ակնհայտ, բացահայտ, աներկբա կոռուպցիա է։ Սա նրա համար, որ էլ չասեք՝ կոռուպցիա չկա»։
Մարուքյանը պաշտոնապես դիմեց Լիլիթ Մակուցին, որպես ԱԺ «Իմ քայլը» ղեկավարի՝ ասելով, որ եթե իշխանական թևը վաղը քվեարկությամբ տապալի հանձնաժողովի անդամների կազմը հաստատելու մասին որոշումը, ապա այն կլինի մեծ հարված Հայաստանում պառլամենտական ժողովրդավարության հաստատմանը։
«Դուք, ըստ էության, լինելով քաղաքական մեծամասնություն, լինելու եք մեծամասնություն նաև էդ հանձաժողովում։ Իսկ եթե վաղը տապալեք հանձնաժողովի կազմի ընտրությունը, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու։ Սիրով և գործընկերաբար ձեզ զգուշացնում եմ՝ չանեք նման բան։ Էդ հանձնաժողովում դուք ունեք մեծամասնություն»,- նշեց Մարուքյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ Մարուքյանի սպառնալիքներից վախ, սարսափ, ոտքերի դող ոչ ոք չունեցավ. «Ոչ ոք ոչնչից չի վախենում, պարոն Մարուքյան։ Եվ ընդհանրապես, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու կողմակիցն ենք միշտ։ Բայց միևնույն ժամանակ խնդրում եմ ընդունել իրավական այն դիտարկումները, որոնք արվեցին այստեղ։ ՏԻՄ օրենքով, մենք որպես օրենսդիր, իրավունք չունենք մտնելու որոշ ոլորտներ։ Եվ եթե ուզում ենք հարցերի պատասխանները ստանալ, կարող ենք դիմել ավագանու ինստիտուտին»,- նշեց Մակունցը։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջադրելու իր թեկնածուներին՝ քննիչ հանձնաժողովի համար. «Եվ օրենքի տառին համապատասխան, մենք մնալու ենք մեր լիազորությունների սահմաններում»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փոխադարձ վիրավորանքների, միմյանց դաստիարակելու, միմյանց տեղը ցույց տալու քաղաքականությունը լավագույն տարբերակը չէ։
«Իրավունքի ուժով հանձնաժողովը ստեղծված է, մենք պետք է քվեարկությամբ նրա կազմը որոշենք։ Այո, ինձ ևս որպես պատգամավոր, հետաքրքրում էր՝ ինչպես են ձեռք բերվել «Կամազները»։ Հայկ Մարությանն՝ ի պատասխան իմ հարցի, ինձ ասել է, որ այն կարող եմ բարձրացնել ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովում»,- նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորը հարցրեց՝ ումից պետք է ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։
Հարակից հրապարակումներ`
- Նվիրատվությունները գաղտնի չեն եղել. Փամբուխչյան
- Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները