5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Բրյուսելից ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքվել է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» դրամաշնորհային N(NEAR-TS/2019/412-943) պայմանանագիրը, որի հիմնական նպատակն է քաղաքային կառավարման համակարգային բարեփոխումներով ներդնել վտանգավոր թափոնների կառավարման նոր ու արդյունավետ մի համակարգ:
Վերջինս հնարավորություն կտա ապահովել վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում նբերդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5.326.377 եվրո: Ծրագրի ավարտին ակնկալվում է մի իրավիճակ, երբ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար:
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեշտել է, որ ծրագրին մասնակցելու համար Երևանը մրցութային հայտ է ներկայացրել և շահել մրցույթը, ինչը նշանակում է, որ ՀՀ մայրաքաղաքի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր թափոնների կառավարման գործում լիովին համահունչ է ԵՄ սկզբունքներին:
Քաղաքապետը նշել է, որ Երևանն այս պահին կատարել է բոլոր հնարավոր նախապատրաստական աշխատանքները՝ հաշվի առնելով վտանգավոր թափոնների կառավարման ծրագրով նախատեսված պարտավորությոնները, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ սկբնակետից սկսել ծրագրով նախատեսված աշխատանքերի իրականացումը: