Չեմ կարծում՝ կիսանախագահական համակարգի անցում լինի. Բադասյան
«Կարծում եմ, որ կիսանախագահական համակարգի անցում լինելու հարցը չի քննարկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Վերջինիս խոսքով, ստեղծվել է հանձնաժողով, որը կգա եզրահանգման՝ ինչպիսին պետք է լինի խորհրդարանական համակարգը. «Տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարծիքներ են հայտնել։ Հիմա պետք է թողնել, որ հանձնաժողովի մասնագիտական հատվածն իր կարծիքը հայտնի, մենք լսենք իրենց կարծիքը»։
Ըստ Բադասյանի, սահմանադրական բարեփոխումների պահանջը հասունացել էր, և ընտրվել են այն հարցերը, որոնց պետք է անդրադառնալ։
«Եթե արտախորհրդարանական ընդդիմության կողմից լինի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել, բայց հիմա նման բան չկա»,- նշեց Բադասյանը, ապա հավելեց՝ այնուամենայնիվ, փոփոխություններն էական են լինելու։
Բադասյանի խոսքով, եթե իշխանությունը կարողանա այնպիսի մոդել ընտրել, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացվի, ապա սահմանադրական բարեփոխումը կնպաստի համակարգի առողջացմանը։
«Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք նախատեսելու են հանրաքվե։ 1995 թվականի սահմանադրությունը 2005 և 2015 թվականներին փոխվեց, և 2015 թվականի փոփոխությունը կարող ենք խայտառակություն համարել։ Մենք չենք պատրաստվում իրավիճակային պայմաններից ելնելով և կոնկրետ իրավիճակի համար փոփոխություն անել։ Եթե մենք կարողանանք դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավորինս բարձրացնել, ապա դրա համար կարելի է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Բադասյանը։