Ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը։
Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը։
Նախագծով առաջարկվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը:
Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: