Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մատահրավեր է Հայաստանի համար. Մնացականյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականայանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ նախորդ կառավարությունները արտաքին քաղաքականությունում դրսևորել են պահպանողականություն և գործող կառավարության առջև խնդիր է դրված ավելի նախաձեռնող լինել։ «Դեպի ծով ելք չունեցող պետությունները միջազգային իրավունքի շրջանակներում ունեն արտոնություններ։ Միջազգային իրավունքը՝ այն պետություններին, որոնք գտնում են դեպի ծով ելք չունեցող երկրների մեջտեղում, պարտավորեցնում է, որ չխոչընդոտեն դեպի ծով մուտքին։ Սա վերաբերում է նաև Թուրքիային, որը պարտավորություն ունի չխոչընդոտել Հայաստանին։ Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն այս հարցում փորձելու է լինել ավելի նախաձեռնողլ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դա չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքականության օրակարգում:
«ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների հատուկ խումբ, դրանց թիվը մոտ 30 է , և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք, իրականացնում ենք համագործակցություն նման երկրների հետ։ Կոնկրետ Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար: Մենք այդ հարցը դիտարկում ենք այդ կոնտեքստում։ Այս հարցը դիտարկում են ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես են այդ գործընթացը շարունակելու իրավական դաշտում: