Թուրքիայի խորհրդարանի 600 պատգամավորից գործի է գնացել միայն մեկը
Թուրքիայի խորհրդարանի նիստին ներկա է գտնվել ընդամենը մեկ պատգամավոր։ Նիստերի դատարկ դահլիճի միայնակ պատգամավորը եղել է սոցիալիստական գաղափարներ դավանող Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության նախագահ Էրքան Բաշը: Նա առաջադրվել և ընտրվել է Ստամբուլի ընտրատարածքից:
Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը քվորումի բացակայության պատճառով ստիպված է եղել ընդհատել նիստը և այն տեղափոխել վաղը՝ պատգամավորների անհրաժեշտ քանակի ներկայություն ապահովելու հույսով:
Ինչպես գրում է ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանը միապալատ է՝ կազմված է 600 պատգամավորական աթոռից: Խորհրդարանական ընտրությունները կազմակերպվում են 5 տարին մեկ: