«Զանցանք կատարած աշխատողից պետք է բացատրություն պահանջել գրավոր ձևով»
«Առաջարկում ենք՝ աշխատողից բացատրության պահանջը գործատուն ներկայացնի գրավոր տարբերակով»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Գործող օրենքի համաձայն, գործատուն՝ աշխատողին կարգապահական տույժ տալուց առաջ պետք է նրանից պահանջի գրավոր բացատրություն։ Բայց քանի որ օրենքը չի նշում գրավոր տարբերակովը, երբեմն դատարանում պահանջի՝ լինել-չլինելու հետ կապված խնդիրներ են առաջանում։
«Այս դեպքում դատարանում աշխատողը չի կարողանում ապացուցել, որ իրենից գրավոր բացատրություն չի պահանջվել, քանի որ գործատուից կախվածություն ունեցող այլ աշխատողների կանչում են դատարան, ասում են ցուցմունք տուր, որ իրականում էդ բացատրությունը պահանջվել է»,- ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով, «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է, որ բացատրության գրավոր պահանջը պարունակի նաև ողջամիտ ժամկետ։ Սակայն, Պետրոսյանը կարծում է, որ ժամկետ սահմանելը ճիշտ չէ. «Պետք է հաշվի առնել՝ ինչ զանցանքի մեջ է մեղադրվում աշխատողը՝ ընդամենը 15 րոպե ուշացել է աշխատանքից, թե ներքին ստուգումների արդյունքում մեծ ծավալի խախտումներ են բացահայտվել։ Դրա համար մենք կոնկրետ ժամկետ չենք սահմանել, այլ նշել ենք, որ աշխատողը պետք է գրավոր բացատրություն ներկայացնի ողջամիտ ժամկետում»։
Պետրոսյանը հստակեցրեց՝ կարևոր է ֆիքսել, որ զանցանք կատարած աշխատողից պետք է բացատրություն պահանջել գրավոր ձևով։ Նրա խոսքով, նախագիծը բխում է ոչ միայն աշխատողի, այլ նաև գործատուի շահերից. «Երբ գործատուն պահանջագիրը գրավոր ներկայացրած չի լինում, աշխատողը կանգնում ու ասում է՝ ինձնից բացատրագիր չի պահանջվել։ Դրա համար այս նախագիծը բխում է աշխատողների և օրինապահ գործատուների շահերից։ Այս դեպքում 2 կողմերը դատարանում հնարավորություն կունենան ներկայացնել իրենց տեսակետները»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկությանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու օրենքի նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց