Գերմանացի քաղաքապետն օգնել է բացահայտել 40 տարի առաջ կատարված գողությունը
Գերմանական Գոտա քաղաքի ղեկավար Կնուտ Քրեյչը օգնել է բացահայտել հանցագործներին, որոնք փորձել են վաճառել ավելի քան 40 տարի առաջ գողացված նկարներ: Գողությունը տեղի էր ունեցել 1979 թվականին, գողացել էին 16-17-րդ դարերի նկարիչների՝ Ֆրանս Հալսի, Հանս Հոլբեյն-ավագի, Ֆերդինանտ Բոլի, Յան Բրեյգել ավագի, Անտոնիս վան Դեյքի աշխատանքները: Այդ ժամանակ ոստիկանությունը չէր կարողացել բացահայտել գողությունը, չնայած հարցաքննել էր ավելի քան հազար մարդու:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վերջերս քաղաքապետին առաջարկել էին գնել մի քանի հին կտավներ: Լուսանկարներով նա անմիջապես ճանաչել է տարիներ առաջ գողացված շեդեվրները: Նա բանակցությունների մեջ է մտել վաճառողների հետ և առաջարկել է նկարները բերել Բեռլին ուսումնասիրության, որտեղ նրանց արդեն սպասել է ոստիկանությունը: Հանցագործների անունները չեն հաղորդվում, բայց հայտնի է, որ նրանք Գերմանիայի քաղաքացիներ են: Այժմ նկարները վերադարձվել են Գոտա քաղաքի Ֆրիդենշտայն ամրոց:
Նախատեսում են դրանք 2021 թվականին ցուցադրել Բեռլինում: Ցուցադրությանը ներկայացվելու է նաև աղմկալի հանցագործության պատմությունը: