Նիդերլանդների ԱԳ նախարար․ Երևանում դեսպանության բացումն առանցքային քայլ է՝ հարաբերությունների հետագա ամրապմդման համար
Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպումից հետո Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ստեֆ Բլոկը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Նիդերլանդներրի ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան։
Բլոկը նշեց, որ օրն սկսել է Հայոց ցեղասպանության թանգարան այցով, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1915թ․-ի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին։
Նիդերլանդների ԱԳ նախարարը տպավորված է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով, հատկապես օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարով ու ընդգծեց, որ Նիդերլանդները դաշնակից կլինեն այս հավակնոտ բարեփոխումներում։
Նախարարը նշեց, որ ցանկանում են խորացնել երկկողմ հարաբերությունները և Երևանում բացում են դեսպանատուն։
«Սա մեկ այլ առանցքային քայլ է՝ հարաբերությունների հետագա ամրապմդման համար»,-ասաց Ստեֆ Բլոկը։
Նիդերլանդների ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Արևելյան գործընկերությանը, նշելով, որ վերջին 10 տարիներին այս գործընկերությունն ապացուցել է հաջողությունը, Արևելյան գործընկերության տարածաշրջանը դարձել է ԵՄ-ի համար առևտրային գործընկեր։ Հայաստանի համար կարևորվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը։
«Այսօր մեր հանդիպումների ընթացքում մենք կենտրոնանալու ենք մեր հայ գործընկերների հետ հարաբերությունների խորացման վրա և քննարկելու ենք Հայաստանի ու Նիդերլանդների միասին աշխատելու հիանալի հեռանկարները»,-ասաց Ստեֆ Բլոկը։
Նախարարը նշեց, որ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտներ են բարձր տեխնոլոգիաները, որը Հայաստանում զարգացած է, գյուղատնտեսությունը, օրինակ ջերմոցների զարգացումը, ջրի մշակումը, սերմերի վերամշակումը և այլն։
Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցի հետ կապված Բլոկը նշեց, որ սա եվրոպական գործընթաց է և Եվրոպական հանձնաժողովը պետք է գնահատի Հայաստանում արված առաջընթացը։
«Նիդերլանդների կառավարությունը հաշվի կառնի այս ուսումնասիրության արդյունքները»,-ասաց Ստեֆ Բլոկը։