Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման համար սահմանվում է տույժ
«Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման համար սահմանվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով»,- խորհրդարանում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման համար ի՞նչ վարչական տույժ է նախատեսվում։
Ղափլանյանը նշեց, որ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանում կար մոտ 114 տոննա օզոնաքայքայիչ նյութերի ներկրման թույլտվություն, սակայն ներկրվել է ընդամենը 42 տոննա։
«Մեր մոտ սպառումը բավականին ցածր է, նույնիսկ մեր քվոտայի 1/3-ին հազիվ է հասնում։ Այդ առումով տնտեսական ռիսկայնություն մենք չենք տեսնում»,- նշեց Ղափլանյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին՝ կա՞ արդյոք վիճակագրոթյուն Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելացման հետ կապված, Իրինա Ղափլանյանը չկարողացավ պատասխանել, քանի որ նախարարությունը չի իրականացնում օզոնային շերտի հետազոտություն։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։