Տարածաշրջանում Հայաստանը 4-րդ ամենախոցելի երկիրն է՝ կլիմայի փոփոխությունների հանդեպ
«Հայաստանը տարածաշրջանում 4-րդ ամենախոցելի երկիրն է՝ կլիմայի փոփոխությունների հանդեպ»,- խորհրդարանում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
Մելքումյանը նշել էր, որ աշխարհում կարևորագույն խնդիր է դարձել գլոբալ տաքացումը. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, ինչ է անում այդ ուղղությամբ»։
Իրինա Ղափլանյանը նշեց, որ Հայաստանում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի բարձրացման բարձր մակարդակ՝ 1.3 աստիճան. «Մենք նաև արձանագրել ենք մոտավորապես 10% տեղումների նվազում։ Իրականում Հայաստանը շատ խոցելի է։ Մեզ բավականին լուրջ գումարներ են պետք կլիմայական փոփոխություններին ադապտացվելու համար։ Հայաստանը անդամակցում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամին, և այդ շրջանակում բավականին մեծ օրակարգ ունենք»։
Ղափլանյանը նշեց, որ տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների նկատմամբ խոցելի երկրների առաջին եռյակում Կենտրոնական Ասիայի երկրներն են։
Մելքումյանը հետաքրքրվեց նաև, թե արդյոք 2020 թվականի պետական բյուջեից գլոբալ տաքացման խնդրի համար անհրաժեշտ գումար հատկացվել է։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ղափլանյանը նշեց, որ Հայաստանը ստորագրել է «Փարիզյան համաձայնագիր», ըստ որի՝ գլոբալ տաքացման մեջ մեղավոր զարգացած երկրները իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը՝ աջակցելու զարգացող երկրներին, որոնք խոցելի են կլիմայի փոփոխությունների նկատմամբ։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին