Մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ծննդատների թեմային և մանրամասն պատմեց երեկ հեռուստատեսություններից մեկով տեսած ռեպորտաժը Աչաջրի ծննդատնից:
«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը։ Հարցազրույց են անում ծննդկանի հետ, որը եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար սահմանված չափանիշներին: Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են առողջապահության նախարարությունից, գտնվում է շատ լավ վիճակում, նորոգված և լիարժեք հագեցված է: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունն ավելի մոտ է Ոսկեպարին, քան Աչաջուրը։ Էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից՝ 34.3 կմ: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այս ամենն ասում է նրա համար, որ ցույց տա, թե երբեմն հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում։
«Այսինքն՝ եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ Նոյեմբերյան-Իջևան, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,-ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
- Անի Սամսոնյան. Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է
- Արթուր Վանեցյան. Ծննդատների զարգացմանը վերաբերվել միայն արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ անվտանգությունից
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Եղվարդի և Աչաջուրի ծննդատների փակման առնչությամբ
- Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում