Երևանի կանաչապտման խնդրի լուծման համար մասնագետներ են հրավիրված արտերկրից
«Երևանը վաղուց կորցրել է ոչ միայն իր դիմագիծը, նաև դիմագծին համապատասխան էկոլոգիան»,- «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նա նշեց, որ Ալեքսանդր Թամանյանը Երևանի հատակագիծը նախագծելիս այնպես է արել, որ կանաչապատ բուֆերայի գոտիներ լինեն, որպեսզի քաղաքը մաքուր պահեն: «Այդ ամբողջ անտառային ծածկերը մենք կորցրեցինք շինարարության արդյունքում, նաև օբյեկտիվ պատճառներով: Հույս ունեմ, քաղաքապետարանի կողմից ստեծվող Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ը կկարողանա այս խնդիրը լուծել»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն ասաց, որ այդ ՀՈԱԿ-ը նոր մոտեցումներում և հայեցակարգով պետք է լուծի ողջ քաղաքի կանաչապատման հարցը:
«Լավագույն մասնագետներն են հրավիրված Ռուսաստանից, արտերկրից, այդ մասնագիտական մոտեցումների շնորհիվ մենք առաջիկա 2-3 տարում այս ոլորտում արդեն բարելավում պետք է նկատենք»,- ասաց Խաչունցը:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են կանաչ տարածքների հաշվին կառուցում դղյակներ, օրինակ՝ Դալմայի այգիներում կանաչ տարածքները վերացվում են: Հ.Խաչունցն ասաց, որ իրենց իշխանության օրոք ապօրինի շինարարությունը բացառվում է:
«Թույլտվությունը մեր օրոք չի տրվել»,- ասաց «Իմ քայլի» ավագանու անդամը:
Զարաֆյանն արձագանքեց, որ նրանցից շատ բան է կախված, որպեսզի կասեցվի անօրինական գործընթացները, այս դեպքում շատ կարևոր է նաև քաղաքական կամքը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին օդում փոշու պարունակությունը 1,5 անգամ ավելացել էր
- 2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ
- Լարված իրավիճակ է Օպերայի հատվածում. «Թող կանաչապատումը քաղաքապետը սկսի իր բակից»
- Քաղաքապետարան. Օպերայի հարակից տարածքը կանաչապատելվու է այս գարնան սկզբից
- Ծառատունկ Կենդանաբանական այգու կանաչապատումից զուրկ հատվածում
- Կանաչապատ տարածքների «դեֆիցիտ» կանաչ Երևանում