Բուհական խորհուրդները քաղաքականացված են. Զոհրաբյան
«Ինձ թվում էր, որ ձեր քաղաքական թիմի որևէ անդամ, որևէ քաղակտիվիստ բուհերի կառավարման խորհուրդներում այլևս ներկայացված չէ»,-խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, այն հիմնական թիրախներից մեկը, որ ներկայիս իշխանությունը վերցրել էր մինչև իշխանության գալը, չկա։
«Այո, և դուք չասեք, որ չեք քաղաքականացնելու խորհուրդները, որովհետև ձեր ներկայությունը, ձեր քաղաքական թիմի անդամների ներկայությունը բուհական խորհուրդներում արդեն քաղաքականացրել է դրանք»,- նշեց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը կոչ արեց բոլոր իմքայլական պատգամավորներին, ովքեր ներկայացված են բուհական խորհուրդներում, դուրս գան այդ կազմից. «Մի՛ արեք, մի՛ կրկնեք նախորդների սխալները, դո՛ւրս եկեք պետական կառավարման խորհուրդներից և թույլ տվեք՝ նրանք, ովքեր իսկապես լիազորված են, կարող են այդ խորհուրդներում լինել, մնան այդ խորհուրդներում»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին, նշեց, որ բուհական խորհուրդներում ինքն անմիջական մասնակցություն է ունեցել, և շատերին ինքն է առաջարկել՝ ներառվել խորհուրդների կազմերում։
«Շատերը հրաժարվում էին, քանի որ դա ավելորդ ծանրաբեռնվածություն է։ Ձեր հայտարարությունը ժամանակավրեպ է, քանի որ շուտով Կրթության և գիտության մասին օրենքում այս հարցն ամբողջությամբ կարգավորվելու է»,- նշեց Հովհաննիսյանը։
Խորհրդարանը քննարկում է «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։