Սորոսը Թրամփին կասկածում է ֆեյսբուքի հետ գործարքի մեջ՝ 2020-ի ընտրություններում հաղթելու համար
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում նախօրեին խոսել է ֆեյսբուքի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կապի մասին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Սորոսը կարծիք է հայտնել, որ սոցցանցը կնպաստի Սպիտակ տան ղեկավարի վերընտրությանը նախագահական ընտրություններում, որոնք երկրում անցկացվելու են 2020 թվականին:
«Կարծում եմ, որ Թրամփի և ֆեյսբուքի միջև կա ինչ-որ ոչ պաշտոնական փոխօգնության գործողություն կամ համաձայնագիր։ Ֆեյսբուքը կաշխատի Թրամփին վերընտրվելու համար, և Թրամփն էլ կաշխատի պաշտպանել ֆեյսբուքը, որպեսզի այս իրավիճակը չփոփոխվի, և դա ինձ շատ անհանգստացնում է 2020-ի արդյունքի համար»,-ասել է 89-ամյա Սորոսը։
Ֆեյսբուքի մամուլի խոսնակ Էնդի Սթոունը հերքել է Սորոսի մեղադրանքները:
Սորոսը Դավոսի ֆորումի հարթակը նաև նախկինում է օգտագործել՝ սոցիալական ցանցին քննադատելու համար։ 2018թ.-ին նա ֆեյսբուքը համեմատեց խաղային ընկերությունների հետ, որը խթանում է օգտատերերի կախվածությունը և վերահաստատեց տեխնոլոգիական ֆիրմաների կարգավորման անհրաժեշտությունը։