Փաշինյան. Մենք որևէ ոլորտում այլևս պետք է որևէ հատվածական փոփոխություն չանենք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների օրակարգը և տեսլականը:
«2019 թվականի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել, այսպես ասած, հետհեղափոխական անցումային կառավարման շրջանը, և մենք այլևս թևակոխել ենք ռազմավարական կառավարման շրջան: Կարծում եմ՝ մենք որևէ ոլորտում այլևս պետք է որևէ հատվածական փոփոխություն չանենք, և մեր բոլոր գործողությունները պետք է լինեն ռազմավարական»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա կարծիք է հայտնել, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը:
«Իհարկե, մենք հույս ունենք և ոչ միայն հույս ունենք, այլև համոզված ենք, որ ոստիկանությունն այս բարեփոխումների արդյունքում վիզուալ, արտաքին նոր կերպար կստանա, բայց շատ ավելի, կրկնակի կարևոր է այն նոր բովանդակությունը, որը մենք այս բարեփոխումների արդյունքում պետք է ունենանք ոստիկանությունում, որը շղթայական առումով պետք է փոփոխություններ բերի, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերի իրավապահ մարմինների, հանրության հարաբերություններում և ընդհանրապես երկրում առկա մթնոլորտի առումով, հասարակական կարգի պահպանման, իրավակարգի պահպանման և, իհարկե, հանցագործությունների կանխարգելման և հանցավորության դեմ պայքարի առումով»,-նշել է նա։
Կառավարությունից հայտնում են, որ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր:
Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ: Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին