2019 թ-ին հայտնաբերվել են 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամի կամ 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 2019-ի ընթացքում մաքսային իրավախախտումների դեպքերի վերաբերյալ ամփոփող տեղեկատվություն։
Նրա խոսքով՝ հայնաբերված թմրամիջոցները կապարակնքվում և ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո ոչնչացվում են։
Նա նաև նշեց, որ վիճակագրության համաձայն, մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումների միջոցով ներմուծված դեղամիջոցներն են: Ըստ նրա՝ դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակով դեղերի տեղափոխումը՝ նախատեսված տարբեր հիվանդություններով տառապող անձանց համար:
«Սակայն, ինչպես բազմիցս մենք նշել ենք, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցի առկայությունը հիմք է տալիս սկսելու քրեական վարույթ»,- ընդգծեց Վարդան Վարդանյանը։
Նման իրավիճակներից խուսափելու համար նա մեկ անգամ ևս հորդորեց քաղաքացիներին ձեռնպահ մնալ առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց և ստանալուց։
Վարդան Վարդանյանը հայտնեց, որ նախորդ տարի բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, սակայն քրգործ չի հարուցվել:
ՊԵԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ նշված ժամանակահատվածում մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարագրման և ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հայտնաբերվել է Հայաստան ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս, ավելի քան 5 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոց: Բացի այդ, ըստ Վարդան Վարդանյանի, հայտնաբերվել է սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ:
«Վարչական վարույթի ավարտից հետո քաղաքացիները կարողանում են իրենց ապրանքը ստանալ համապատասխան տույժ-տուգանքները վճարելուց հետո»,-ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում