Տիկին Սամսոնյան, ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա ու ալիքը փոխել չի լինում. Նախարար
«Պարոն Հարությունյան, ես զարմացած եմ, որ երբ ասում ենք դպրոցները քաղաքականացված են, Դուք ասում եք՝ դպրոցներն այլև քաղաքականացված չեն, քանի որ պատերից իջեցրել ենք Սերժ Սարգսյանի նկարները»,- այսօր խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Պատգամավորը նշեց, որ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմում երկու տարվա ընթացքում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ:
«Ապշել եմ, պարոն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են և դա ճիշտ չէ»,- ընդգծեց նա։
Պատգամավորի հայտարարությանն արձագանքեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Տիկի՛ն Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, քանի որ եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում ՔՊ-ական զրո տնօրեն է ընտրվել, այնինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել»,- նշեց նախարարը։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծնողական ու մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու և, ըստ էության, այն բոլոր մարդիկ, որոնք նշանակվելու են լիազոր մարմնի կողմից, համայնքներից կամ մարզպետարաններից զրո ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում:
«Երբ այս ամբողջականի մեջ նայում եք, պետք է ալիքը փոխել, բայց ես ցավում եմ, որ Ձեզ մոտ ալիքը փոխել չի լինում և դուք մնացել եք հին ալիքի վրա, կարծես՝ հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի հետ: Մի արեք այդպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ կառուցողական առաջարկներ անեք ու եթե քաղաքականացվածությունից եք խոսում։ Մի արեք այսպիսի բաներ, մեզ անհրաժեշտ է, որ դուք կառուցողական առաջարկներ անեք մեզ։ Եթե քաղաքականացվածությունից եք խոսում, Վանաձորի պետական համալսարանից հետ կանչեք ձեր ներկայացուցչին, որը իմ կողմից շատ հարգված մարդ է՝ Քրիստ Մարուքյանը։ Ես շատ ցավում եմ, որ ինքը ցանկանում է դիմում գրել, դուրս գալ, քանի որ նա այնտեղ շատ կարևոր դերակատարություն ունի»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Անի Սամսոնյանն էլ նշեց, որ ինքը կառուցողական առաջարկներով է հանդես եկել, սակայն դրանք բոլորը մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Պտղնիում երեխաները հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու. չունեն մանկապարտեզի շենք
- Բուհական խորհուրդները քաղաքականացված են. Զոհրաբյան
- ԿԳՄՍ նախարար. Եղել է, որ դպրոցի տնօրենների 70 տոկոսը կտրվել է քննությունից