Պուտինն առաջարկել է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպում անցկացնել
Իսրայել կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2020թ.-ին անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպում: Այս մասին գրում է Lenta-ն։
Պուտինի խոսքերով, ՄԱԿ-ի հիմնադիր երկրները պետք է օրինակ ցույց տան հակասեմիտիզմի դեմ պայքարում: Նա շեշտել է, որ այս հինգ երկրները «հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ նա արդեն քննարկել է այդ գաղափարը որոշ գործընկերների հետ և դրական արձագանքներ է ստացել: Պուտինը նաև շեշտել է, որ աշխարհի խնդիրների վերաբերյալ հանդիպում կարող է կազմակերպվել աշխարհի ցանկացած կետում:
Հիշեցնենք, որ նախօրեին Երուսաղեմում անցկացվեց Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին աշխարհի ավելի քան 50 երկրների ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի նախագահները, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ԱՄՆ փոպնախագահ Մայք Պենսը։