Դուք այդքան ունիվերսալ խոսնա՞կ եք, որ կես դրույքով էլ պատգամավորի վերաբերյալ գրառմանն եք արձագանքում. Պետունցը՝ Կարապետյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Երևանի քաղաքապետի Մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին։
«Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մի քանի օր շարունակ հիշատակում է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը։ Հակոբ Կարապետյան դուք այդքան ունիվերսալ խոսնա՞կ եք, որ կես դրույքով էլ պատգամավորի վերաբերյալ գրառմանն եք արձագանքում։ Առաջարկում եմ ձեր գործով զբաղվել և աշխատել քաղաքապետի գործունեության թափանցիկության վրա։ Ձեզ, որ չենք հիշեցնում ձեր հրապարակային կեղծ հերքումները, չի նշանակում, որ այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեք»,-գրել է նա։
20:20
Իր հերթին ֆեյսբուքյան էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխան գրառում է արել:
«Ընդունում եմ սխալս, չգիտեի, որ ԼՀԿ-ն մամուլի խոսնակ ունի: Առիթ չէր եղել։ Ով չգիտի, ծանոթացեք, պարոն Aren Petuncն է։
Չգիտեմ, թե ինչ նկատի ունի հարգարժան գործընկերս «ունիվերսալ խոսնակ» բառակապակցության տակ, եւ ինչ չափանիշներով է որոշել սահմանափակել իմ գործունեության ոլորտը։ Ամեն դեպքում, հարգարժան գործընկերոջս տեղեկացնում եմ, որ մամուլի քարտուղարի իմ «մեկ դրույքը» լիովին բավարարում է՝ մեկնաբանելու քաղաքապետին եւ քաղաքապետարանին վերաբերող ցանկացած հայտարարություն, առավելեւս՝ արված հանրային գործիչների կողմից:
Եվ պատգամավոր Edmon Marukyanի մանիպուլյատիվ ու դեզինֆորմատիվ հայտարարությունները բացառություն լինել չեն կարող:
Խնդրում եմ, հիշեցրեք ինձ եւ հանրությանը իմ «կեղծ հերքումները»։ Հուսով եմ, Ձեր պնդումները «փո՛ղ, փո՛ղ են տվել» ժանրի մեջ չեն»։